Հասարակություն

Գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան

Գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան

Կառավարության նիստում այսօր սահմանվեց Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը:

Հավելավճարի չափը կմնա նույնը․ գիտությունների թեկնածուները կստանան 25 000 դրամի չափով, դոկտորները՝ 50 000 դրամի չափով։

«Արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացան, ընդ որում, պրոցեսը դեռ չի ավարտվել». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։ Նրա խոսքով, աշխատավարձերը կբարձրացվեն ընդհուպ 300 տոկոսով. «Հարգարժան դոկտորներն ու գիտությունների թեկնածուներն իրենք պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են ու դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աշխատանքի հավելավճարները»,- ասել է նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում փոխվում է գիտական աստիճանաշնորհման մոտեցումը. «Երկաստիճան համակարգից անցում է կատարվում մեկաստիճանի համակարգի, և այո, ավելի կանոնակարգվում են աստիճանաշնորհման ու դրա հետ կապված բացահայտվող խնդիրներին արձագանքելու հարցերը»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր կարգը մշակվել ու շրջանառվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական