«Մեր ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ եմ տեսնում, մասնավորապես, դպրոցներում իրականացվող ծրագրերում»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, շատ դեպքերում գործ ունեն նախագծման, իրականացման ու գույքի որակի հետ կապված խոտանների հետ։
«Դպրոցների մարզադահլիճների ծրագիր ենք իրականացնում, մարզադահլիճը կառուցում ենք ու արձանագրում ենք հետևյալը՝ կա բասկետբոլի վահանակ։ Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակ է, ու չի կարող այնտեղ նմանեցված ուրիշ բան կախված լինի։ Ցանկացած բան, որի վրա օղակ է, բասկետբոլի վահանակ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ մի քանի հազար դրամ «այս կողմ-այնկողմ անելու համար ինչ ասես, բերում՝ կախում են»։
Ըստ նրա, վոլեյբոլի ցանց կա, բայց գծանշում չկա. «Վոլեյբոլն էն չի, որ թել ես կախում։ Վոլեյբոլը մարզաձև է, որ ունի կանոն։ Այսինքն՝ մենք հիմա տասնյակ դպրոցների վելոյբելի ցանց ենք տվել, բայց մտնում ես դահլիճ, ասում ես՝ ո՞ւր է վոլեյբոլը, չկա»։
Նա նաև ասել է. «Շվեդական պատը այցի ժամանակ բռնում ենք, փուշ է մտնում մատներս։ Բա ենթադրում է, որ երեխաներն այդտեղ պետք է մարզվեն։ Հաջորդը՝ կախիչին ձեռք ենք տալիս, ընկնում է, ուր գնում ես, ջուրը կաթում է։ Էլ չենք ասում, որ չկարողացանք 5 ամիս բացատրել, որ պետք չի զուգարանում թափանցիկ ապակի դնել։ Զուգարանի պատուհանն ինչո՞ւ է թափանցիկ ապակուց։ Դրա համար հատուկ գիտելիքնե՞ր են պետք»։