Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ: Հանրապետության նախագահը շնորհավորել է բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործիչներին և մաղթել հաջողություններ: Նախագահն իր խոսքում ասել է.
«Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել այսօր պետական բարձր պարգևներ և կոչումներ ստացած մեր գործընկերներին: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում և մեր պետությունն ունի բոլորիս անձնվեր ու անխոնջ աշխատանքի կարիքը: Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում հարկ է, որ անի հնարավորությունների առավելագույնը, որպեսզի միասնական ջանքով կարողանանք դիմագրավել մեր պետության և ժողովրդի առջև առկա մարտահրավերներին:
Իսկ պետության կամ պետական պաշտոնյաներիս կարևոր գործառույթներից մեկն է արժանին մատուցել իրենց գործի նվիրյալներին, պարգևատրել ու խրախուսել, քանի որ նրանց աշխատանքը ոգևորում է բոլորիս, ուժ ու հավատ է ներշնչում և մղում է նորանոր հաջողությունների:
Այսօր պարգևատրվածներին միավորում է մեկ բան՝ դուք բոլորդ ձեր գիտելիքները, ունակություններն ու կարողություններն օգտագործում եք հանուն և ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման և այս գործում հավասարապես կարևոր են թե գիտնականի, թե զինվորական և թե պետական պաշտոնյայի կամ սպորտսմենի աշխատանքը:
Հարգելի ներկաներ, օգտվելով առիթից շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ, մաղթում բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության»:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել․
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
Գնել Հենզելի Սանոսյանին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Դավիթ Սերգեյի Սանամյանին՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր
Էդգար Սերգեյի Հունանյանին՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ
Արման Արկադիի Ադիլխանյանին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար
Մխիթար Գոշի մեդալով
Ռոբերտ Վլադիմիրի Ղուկասյանին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ
Մխիթար Հերացու մեդալով
Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյանին՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն
Երախտագիտության մեդալով
Հովհաննես Ավետիքի Հարությունյանին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ռոման Խաչիկի Սահակյանին՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ
Ռոբերտ Վոլոդյայի Ղարսոնյանին՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ
Աննա Հովսեփի Մակարյանին՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ
Դավիթ Սլավիկի Հովհաննիսյանին՝ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
Վարդան Բագրատի Մկրտչյանին՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ
Էդուարդ Գրիգորի Պետրոսյանին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ
Վարդան Գագիկի Սարգսյանին՝ Արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար:
Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Հասմիկ Ջևիկի Ղահրամանյանին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Գևորգ Կարոյի Թումանյանին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար: