Հասարակություն

PMI Science-ի աջակցությամբ բարեկարգվել է Պոլիտեխնիկի բակը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

PMI Science-ի աջակցությամբ բարեկարգվել է Պոլիտեխնիկի բակը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Դեկտեմբերի 25-ին Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ բացվեց Պոլիտեխնիկի հիմնադրման 90-ամյակին նվիրված համալսարանական այգին։

Պաշտոնական միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլոք։

Բարեկարգված ճեմուղու սկզբնամասում տեղադրված է առանձնացող սալիկ, որում պատկերված է «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի առաջին համարի ձեռագիր տարբերակը և գունավոր տպագրության ժամանակաշրջանում վերջին ձեռագիր լոգոտիպը։

«Որոշեցինք 1933–2023թթ. ներկայացնել որպես 90-ամյա ճանապարհ։ Այս այգու մուտքը դեռ շատ տաղանդավոր երիտասարդների համար է ճանապարհ հարթելու, որոնք պետք է լինեն ապագայի ռեֆորմիստ ինժեներները, տեխնոկրատները, որոնք պետք է ստեղծեն նոր տեխնոլոգիական արժեքներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանն էլ լրագրողների հետ զրույցում վերստին հիշեցրեց, որ PMI Science-ը գործունեություն է ծավալում գիտության ոլորտում և նպատակ ունի զարգացնել գիտությունը Հայաստանում. «Հիմնականում ներդրում ենք կատարում գիտության ոլորտում, բայց հասկանում ենք, որ որակը և ապագա նպատակներն ուղղակի համեմատական ունեն։ Չի կարող ուսանողն ապագայի մասին երազել և վատ պայմաններում սովորել։ Այսինքն, իր երազանքը համահունչ կլինի իր միջավայրին։ Դա է պատճառը, որ մենք նաև ներգրավվեցինք այս պրոյեկտում»։

Կարմիր ժապավենը կտրելուց հետո հրավիրյալ հյուրերը մասնակցեցին պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը:

Ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2008 թվականին թողարկված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ:

Հաջորդիվ հյուրերին ներկայացվեց Պոլիտեխնիկի երկրորդ մասնաշենքի տանիքին տեղադրված 90 կիլովատտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ներուժը։

Ելույթի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը միջոցառմանը մասնակցում էր որպես ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նկատեց, որ ամեն անգամ համալսարան այցելելիս տեսնում է նոր լսարաններ, հիմնանորոգված բակեր, պատմամշակութային շինություն հանդիսացող շենքերի բարեկարգում, նոր շունչ և նոր բովանդակություն. «Վստահ եմ, որ այս փոփոխությունն ու զարգացումը միայն սկիզբն է։ Ենթակառուցվածքային փոփոխությունները նաև հիմք են բովանդակային փոփոխության համար, որովհետև այսօրվա համալսարանները պետք է շարժվեն ժամանակին համահունչ, պետք է նոր որակ հաղորդեն կրթությանը և համապատասխանեն մերօրյա ժամանակների պահանջներին»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական