Հասարակություն

«Ե՛վ պատվաբեր, և՛ շահեկան»

«Ե՛վ պատվաբեր, և՛ շահեկան»

Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տղամարդիկ հիմնականում զինվորականներ են։ Արտագնա աշխատանքի չեն մեկնում, կարողանում են տեղում գումար աշխատել, ընտանիք պահել, միևնույն ժամանակ՝ պաշտպանել հայրենիքը։

Մխիթար Ավագյանի որդիները՝ Վահեն ու Վոլոդյան, շարունակում են հայրիկի գործը։ Վոլոդյան մոտ 8 ամիս է, ինչ անցել է պայմանագրային ծառայության, իսկ Վահեն, որն արդեն 1 տարվա զինծառայող է, զորակոչվելուց 6 ամիս անց որոշեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով շարունակել ծառայությունը։ Պարտադիր զինվորական ծառայությամբ սահմանված 2 տարվա փոխարեն կծառայի 5 տարի։ Փոխարենը՝ հնարավորություն կունենա կայուն աշխատավարձով հայրենի գյուղին մոտ ծառայել, օգտվել զինվորականներին տրամադրվող բոլոր արտոնություններից, իսկ զորացրվելիս պետությունից 5 միլիոն դրամ կստանա։ 

Վահեն այժմ հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասերից մեկում է ծառայում. «Աչքս բացել, համազգեստ եմ տեսել մեր տանը։ Շատ էի սիրում, որ ինձ իր հետ զորամաս էր տանում։ Թույլ էր տալիս տանկերին մոտ գնամ, ցույց էր տալիս զինատեսակները, տեխնիկան...»,- Radar Armenia-ի հետ զրույցում պատմեց շարքային Ավագյանը։

Վահեի մեծ երազանքը ոչ թե զինվորական, այլ հայտնի ֆուտբոլիստ դառնալն էր։ Իր երազանքին հասնելու համար տասը տարի պարապել էր, սակայն խաղադաշտում ստացած վնասվածքը պատճառ դարձավ, որ թողնի ֆուտբոլը. «2019-ին հայրս մահացավ։ Տան հոգսն ընկավ իմ ու եղբորս ուսերին»։ 

Կյանքն անսպասելի շրջադարձեր ունի։ Երբեմն ստիպված ես լինում ամեն ինչ նորից սկսել՝ մոռանալով նախկին երազանքները, և ապագայի նոր ծրագրեր գծել։ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը Վահեի համար նոր հեռանկար բացեց։ 

«Շատ լավ տարբերակ է։ Կարողանում եմ և՛ երկրին ծառայել, և՛ ընտանիքիս եմ օգնում։ Մի խոսքով՝ թե՛ շահեկան է, թե՛ պատվաբեր»։

Շարքային Ավագյանի խոսքով՝ առաջին օրից որևէ դժվարություն չի ունեցել զորամասում. «Հարազատ միջավայրում ի՞նչ դժվարություն։ Թե՛ սպաների, թե՛ զինծառայողների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Հայրենիքի համար լավ գործ ենք անում։ Որոշումս նույնիսկ շատ չենք էլ քննարկել։ Ընտանիքս կողմ էր, անգամ՝ մայրս»։ 

Վահեն դեռ չի որոշել, թե ինչ է անելու ծառայության ավարտին տրամադրվող 5 միլիոնը։ Ապագայի պլաններ գծել չի սիրում, երազանքների մասին խոսել՝ ևս. «Հնարավոր է՝ բիզնես սկսեմ, կամ էլ տուն կգնեմ։ Չգիտեմ»։

Առաջին անգամն է, որ Վահեն Ամանորն ընտանիքի հետ չի նշելու։ Չի նեղվում, ընդհակառակը, վստահ է, որ դիրքերում ավելի հետաքրքիր է լինելու. «Տղերքը պատմում են, որ շատ լավ է անցնում։ Բայց պետք է զգոն լինենք։ Մեզանից այն կողմ գյուղն է, մեր ընտանիքը։ Պետք է ավելի շատ ուշադիր լինենք։ Սահմանին ապրողներս շատ լավ գիտենք՝ ինչ է խաղաղությունը։ Սահմանին կանգնած ցանկացած դիրքապահի ցանկությունը խաղաղությունն է։ Իմն էլ»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական