Հասարակություն

Դիրքերում՝ ինչպես տանը

Դիրքերում՝ ինչպես տանը

Հյուսիսարևելյան սահմանագոտում ենք։ Լրագրողներիս դիրքեր են տանում՝ տարեվերջյան ռեպորտաժներ ու հոդվածներ պատրաստելու։ Մեր խմբին ուղեկցում է անձամբ զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը։ Նախ հրահանգավորում է անցկացնում և միայն զրահաբաճկոն ու սաղավարտ հագցնելուց հետո թույլ տալիս մեքենա նստել։

Արագությամբ սլանում ենք նեղ ու անհարթ միջդիրքային ճանապարհով։ Շուրջբոլորը լեռներ են։ Ոլորաններով վերև ենք բարձրանում՝ ներքևում թողնելով հայկական բնակավայրերը։ Լեռների մյուս կողմում հակառակորդն է։

- Այստեղից որքա՞ն է մեր ու հակառակորդի հեռավորությունը,- հարցնում եմ գնդապետին։

-180 մետր հեռավորության վրա են ադրբեջանցիները, - հանդարտ ու հանգիստ տոնով պատասխանում է գնդապետ Սարգսյանն ու ձեռքն ուղղում նրանց դիրքերի ուղղությամբ, - այս պահին հանգիստ է, չեն կրակում։ Անհանգստանալու կարիք չկա։ Դիրքերում ե՞րբ եք եղել վերջին անգամ։

- Վաղուց էր, պատերազմից առաջ։

- Դե շատ լավ է։ Կտեսնեք ու կհասկանաք, թե հենակետում ինչպես են փոխվել զինծառայողների կեցության պայմանները։ Չեք ցանկանալու ետ դառնալ։  Կտեսնեք՝ ամրաշինական ու ինժեներական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ու դեռ էլի են լինելու։

Թերահավատորեն ժպտում եմ՝ մտածելով, թե չափազանցնում է Սարգսյանը։

Հենակետում ենք։ Մեզ դիմավորում է դիրքի պատասխանատուն, իսկ հետո գնդի հրամանատարի հետ շրջում ենք տարածքում։ Գնդապետ Սարգսյանը մանրամասն ներկայացնում է հենակետերում արված բոլոր փոփոխությունները։

-Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պայմաններն իսկապես բարելավվել են։ Մեծածավալ ամրաշինական ու ինժեներական աշխատանքների արդյունքում դիրքապահներն ավելի անվտանգ և ապահով ծառայելու հնարավորություն ունեն,- ասում է հրամանատարը և ցույց տալիս ամբողջովին փակ տանիքը, որը ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանիչ պատնեշ է ծառայելու։

Սալիկապատ լոգասենակը, մշտական հոսող ջուրը, արևային էներգիայի, տեսանկարահանող սարքերի առկայությունը, սննդի որակն ու տեսականին լրիվ նոր իրականություն էին ինձ համար։

Փաստորեն, ճիշտ էր ասում գնդապետը։ Մտածում եմ՝ ինչ լավ է, որ պատերազմից հետո բանակը փորձում է վերականգնվել, որ զինծառայողը տեսնում է իր կարևորված լինելը, հասկանում, որ իր մասին մտածող կա, որ իր միակ խնդիրը դիրքում հայրենիքը պաշտպանելն է։ Վստահ եմ`առկա փոփոխությունները դրական ազդեցություն կունենան ծառայության և՛ որակի, և՛ ընթացքի վրա։

Գետնատնակում վառարանը հաճելի տաքություն է ապահովում։ Իդեալական մաքրություն՝ միանման հարդարված անկողիններով։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ ինձ ծանոթ ու հարազատ վայրում եմ, տանը։

- Սուրճը պատրաստ է,- լսվում է դիրքապահներից մեկի ձայնը։

-Տղերքը հատուկ ձեզ համար թեյի սեղան են գցել,- ասում է հրամանատարը։

Քաղցրավենիք, թխվածք, միրգ, հյութ․ մի խոսքով՝ ինչ սիրտդ ուզի։ Սեղանի վրա ազատ տեղ չեն թողել տղերքը։

Հենակետում ամեն բան տեսնելուց, նկարելուց հետո հավաքվել ենք իրար գլուխ ու դիրքապահների պատրաստած տաք թեյ ենք վայելում։ Մայրաքաղաքի աղմուկից հեռու հանդարտությունը կտրել է մեզ օրվա գրաֆիկից։ Կորցրել ենք ժամանակի զգացողությունը։

- Զորամասում մեզ են սպասում,-ասում է հրամանատարը։

Մինչ գործընկերերներս հավաքվում են, որ նստեն մեքենաներն, աննկատ առանձնանում եմ խմբից։ Մոտենում եմ հենակետի մատուռին, որն անվանակոչված էր տարիներ առաջ զոհված տղաներից մեկի՝ Ատոմի անունով։  Մոմ եմ վառում՝ Աստծուց խնդրելով, որ սահմանին միշտ խաղաղ լինի...

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական