Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը և Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը մասնակցեցին «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ներքո՝ ՀՕԿ կողմից կազմակերպված Հարավային Կովկասի երկրների (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) և Ղազախստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների տնօրենների և ներկայացուցիչների հանդիպմանը։
Հանդիպման նպատական էր ենթատարածաշրջանում «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության շրջանակներում դիտարկումների, մոնիթորինգի և կանխատեսման վերաբերյալ բացերի բացահայտումը, Հարավային Կովկասի տարածաշրջանում բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգերի (MHEWs) ներդրման մարտահրավերների ու հնարավորությունների քննարկումը, ներառյալ՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի համար առաջարկվող Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգը (CASC-MHEWS), «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ներքո հետագա գործունեության պլանավորումը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության վերաբերյալ համագործակցության պատրաստակամությունը՝ հաշվի առնելով, որ Հարավային Կովկասի երկրները և Ղազախստանը բախվում են նմանատիպ մարտահրավերների, ինչը կարևոր է վաղ նախազգուշացման համակարգերի ծառայությունների բարելավման ընթացակարգերի մշակման հարցում: «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությունը ՀՕԿ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների կողմից ներկայացված կարևորագույն նախաձեռնություն է, որի նպատակն է երաշխավորել Երկրի վրա յուրաքանչյուրի պաշտպանվածությունը եղանակային, ջրային կամ կլիմայական վտանգավոր իրադարձություններից՝ կյանքեր փրկող վաղ նախազգուշացման համակարգերի կիրառման միջոցով:
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ՝ ՀՕԿ գլխավոր քարտուղար Պետտերի Թաալասի, ՀՕԿ-ի Ռեսուրսների մոբիլիզացման և զարգացման գործընկերության տնօրեն Դանիել Կուլի և ՀՕԿ-ի ծառայությունների և զարգացման բաժնի պետ Ֆիլիպ Լուսիոյի հետ, Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության Ջրի հարցերով հատուկ բանագնաց Անտի Ռաուտավարայի, Ղազախստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության տնօրեն և ՀՕԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Դանարա Ալիմբաևայի հետ։ Վերջինիս հետ քննարկվել են երկու երկրների միջև վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության, ինչպես նաև վտանգների ու ռիսկերի երկրաբանական և հիդրոօդերևութաբանական գնահատման արդի մեթոդաբանության փորձի փոխանակման հնարավորությանը վերաբերող հարցեր։