Հասարակություն

Բիզնեսի համար ստեղծվել են կոմպլաենսի ներդրման օրենսդրական խթաններ

Բիզնեսի համար ստեղծվել են կոմպլաենսի ներդրման օրենսդրական  խթաններ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ տեղի է ունեցել «Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառում գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում գործունեություն ծավալող հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը, դրա կարևորությունն ու օգուտները ներկայացնելու նպատակով: 

«Հակամենաշնորհային կոմպլաենսը մրցակցային էթիկայի և վարքագծի կանոններ են, որը հնարավորություն է տալիս բիզնեսին աշխատակիցների մոտ մրցակցային մշակույթ, մտածելակերպ ձևավորել  և խուսափել մրցակցային իրավախախտումներից: Սա ժամանակակից աշխարհում  բավականին արդյունավետ աշխատող գործիք է: Աշխարհն այսօր ասում է՝ եկեք կանխարգելենք, եկեք իրար հետ սովորենք: Հավատացեք, այդ խախտումների մի զգալի մասը կատարվում է չիմացության պատճառով, ուստի պատրաստ ենք բիզնեսի ձեռքը բռնած անցնել այդ ճանապարհը, որպեսզի ունենանք լավ  բիզնես միջավայր, իսկ մեր ընկերությունները մրցունակ լինեն ամբողջ աշխարհում»,-իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցին, որն ընդունվեց 2022 թվականին:

Ուղեցույցը մշակելիս հանձնաժողովը հաշվի է առել միջազգային լավագույն փորձը, այն վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարողների համար: Մի շարք ընկերություններ արդեն իսկ ներդրել են այն, որոնցից երկուսի փորձը ներկայացվեց միջոցառման ընթացքում: 

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ  այս հարցում հանձնաժողովն ընտրել է համոզման և ոչ հարկադրանքի ճանապարհը, ինչն ավելի արդյունավետ է: Մասնավորապես՝ բիզնեսի համար ստեղծվել են կոմպլաենսի ներդրման օրենսդրական  խթաններ, այն է՝ պատասխանատվության միջոց կիրառելու դեպքերում տնտեսավարողի կողմից կոմպլաենսի ներդրումը կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք: 

Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանն իր խոսքում շեշտադրել է մրցակցային մշակույթի ձևավորման և զարգացման, թափանցիկ և մրցունակ բիզնես միջավայրի  առկայության կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել  իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցին՝ կարևորելով նման միջոցառումների շարունակականության ապահովումը: 

Միջոցառում շրջանակում տեղի է ունեցել նաև հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն անդրադարձել է բարձրացված մի շարք հարցադրումների:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական