ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կազմակերպվել և անցկացվել է ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների ՕՀՀ կրտսեր հրահանգիչները և համակարգչային օպերատորները։
Վերապատրաստումն անցկացրել են ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության բաժնի պատասխանատու ոլորտների սպաները։ Դասընթացի նպատակն է ահազանգման առաջնային օղակում ծառայող, ահազանգեր սպասարկող անձնակազմի մասնագիտական ունակությունների բարելավումը, նոր կարողությունների ձևավորումը, գիտելիքների ձեռքբերումը և կատարելագործումը։
Վերապատրաստման մեկնարկին մասնակիցներին ողջունել է ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը՝ նշելով, որ դասընթացը կօգնի բարձրացնել ահազանգեր սպասարկող մասնագետների պատրաստավածությունը և աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի վերջիններս առավել պատրաստված լինեն և արագ կողմնորոշվեն քաղաքացիներին սպասարկելիս։
Տնօրենի տեղակալը շեշտել է հատկապես հոգեբանական բաղադրիչի և սթրեսակայունության կարևորությունը, որն առաջնային նախապայման է օգնություն ակնկալող քաղաքացուն սպասարկելու հարցում, քանի որ շատ հաճախ հենց ահազանգ սպասարկող անձից է կախված անհրաժեշտ օգնության ճիշտ և ժամանակին կազմակերպումն ու մարդկանց կյանքի փրկությունը։
Վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին է ներկայացվել ահազանգերի սպասարկման միջազգային փորձը, ահազանգման կենտրոնի փաստաթղթային փաթեթների հետ աշխատանքի առանձնահատկությունները, ահազանգողներին հեռախոսի միջոցով առաջին օգնություն տրամադրելու հրահանգները և մեթոդիկան։
Ծավալվել է ակտիվ քննարկում, բարձրացվել են հարցեր, որոնց տրվել են մասնագիտական պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։ Դասընթացի հաջորդ փուլում անձնակազմը հոգեբանական աջակցության մասնագետների օգնությամբ ծանոթացել է ինքնակարգավորման հմտությունների կիրառման տեխնիկաներին, միաժամանակ մասնակիցների հետ իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։