Հասարակություն

Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ շարունակվում է

Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: 

Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:
«Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել  մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,-ասել է Պաշտպանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:

Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ Վանաձորում իրավապաշտպանների հետ հանդիպում անցկացնելու գաղափարը պատահական չէ, քանի որ նրանք իրականացնում են մեծածավալ աշխատանք, մշտապես բարձրաձայնում են հրատապ լուծումներ պահանջող խնդիրները:

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին: Պաշտպանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են տարատեսակ զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով: