Հասարակություն

Արփի Դավոյանն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկել

Արփի Դավոյանն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկել

ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի հիշատակված 29-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվում է (ուժի մեջ մտնելու ժամկետ` 2024 թվականի հունվարի 1-ը), ինչի արդյունքում վերոնշյալ գործառույթների իրականացումը վերապահվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի` Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»: Այսպիսով, Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի, այդ թվում` նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Արփինե Դավոյանը փաստել է, որ օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել գործող կանոնակարգերի պահպանումն առ այն, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ևս ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունն իրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից` երկարացնելով գործող կանոնակարգումները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը` մինչ քաղաքական միավորումների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկման իրավահարաբերությունների և դրանցից բխող խնդիրներին վերջնական լուծման համար նոր համակարգային մոդելի նախատեսումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական