Հասարակություն

Հայտնի են Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու ժամը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնել Նիկոլայ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին: 

«Խորը վշտով տեղեկացանք, որ 76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արարատ-73-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։

Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին ակումբի հետ դարձել է արծաթե մեդալակիր։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։

Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 1992 թվականից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր, ֆեդերացիայի առաջին նախագահը մինչև 1994 թվականը»,- ասված է ՀՖՖ-ի հաղոչդագրության մեջ։

Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին`սկսած 17:00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը` դեկտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին: