«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է ներկայացրել ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների գործընթացից։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է ամեն տարվա նոյեմբերի 15-ից և շարունակվում է մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը։ Այդ ընթացքում իրականացվում է 24-ժամյա ձմեռային հերթապահություն: Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը‚ և աղավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օտագործվում է ավազ և խարամ, որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։
Հետևելով եղանակային կանխատեսումներին՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն հնարավոր չէ որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։
Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքներին և հետևել նրանց բոլոր հրահանգներին։ Այդպիսով սպասարկող կազմակերպություններն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքէջին (https://armroad.am/am) կամ ֆեսբուքյան էջին։ Հարգելի՛ վարորդներ, ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ պահպանեք եթևեկության կանոնները և ավտոմեքենան վարեք բացառապես ձմեռային անվադողերով»։