Հասարակություն

«Թվայնացման ռազմավարության կատարողականը չափազանց ցածր է». Ջանջուղազյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի թվայնացման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։

ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ Հայաստանում թվայնացման ռազմավարության կատարողականը չափազանց ցածր է։ Մինչ այժմ նշված 10 միջոցառումից ոչ մեկն իր ժամանակին և լիովին չի իրականացվել։

Նրա խոսքով՝ ռազմավարությունը դժվար է համապարփակ անվանել, քանի որ բացակայում են թվային տրանսֆորմացիայի միջոցառումները տնտեսության և հանրային կառավարման ոլորտներում։ 

Նա տեղեկացրել է, որ ոչ գրաֆիկը կա, ոչ էլ պատասխանատու անձինք․ փոխարենը իրականացվել են ճյուղային բնույթի ռազմավարական միջոցառումներ։