Դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Mercedes-ի վարորդին քաղաքացիներն ու փրկարարներն իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով նրան տեղափոխել են Վայքի բժշկական կենտրոն։ Վիրավորը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել, Վայքի բժշկական կենտրոնից նրան տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարվում։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Գ․ Հովակիմյանն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ։