Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 34-ամյա Տիգրան Առաքելյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցի 1-ին հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 39-ամյա Վահագն Հակոբյանին պատկանող տան քարե պարսպին, փլուզել այն, ապա վնասել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Համլետ Հակոբյանին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տիգրան Ա․-ն և նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Անահիտ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ վիրավորը նրա կինն է։