Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել թվային Պոզիտրոն Էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացմանը` վերազինված «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում:
Նախարարն իր խոսքում կարևորել է բաժանմունքի բացումը` ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում բժշկական հետազոտությունների և ախտորոշման զարգացման տեսանկյունից:
ՊԷՏ/ԿՏ–ն ուռուցքային հիվանդությունների ախտորոշման կարևորագույն մեթոդ է՝ սկսած քաղցկեղի առաջնային հայտնաբերումից, տարածվածության գնահատումից մինչև բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն։
Սարքն ունի բարձր զգայունություն և ճշգրտություն, հագեցած է արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված պատկերների վերամշակման ծրագրերով, որոնք թույլ են տալիս պացիենտին անհրաժեշտ ներարկվող ռադիոակտիվ նյութի նվազմանը զուգահեռ ստանալ էլ ավելի որակյալ պատկերներ, ինչպես նաև հայտնաբերել ուռուցքային շատ ավելի մանր ախտահարումները: