Հասարակություն

Ինչ է կատարվել Մուսալեռի դպրոցում. պարզաբանում է տնօրենը

«Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվ․ միջնակարգ դպրոցի 2-3-րդ հարկերում 7–րդ դասարանի աշակերտների և ուսուցիչների մոտ համատարած հազ է սկսվել։ Երեխաներն անմիջապես տարհանվել են», այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվել։

Նրա խոսքով՝ բոլորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն․ «Որևէ հոտ, որևէ ձայն չի լսվել։ Հասկանալի չէ՝ ինչն է գրգռել աշակերտների և ուսուցիչների կոկորդը։ Անմիջապես դպրոց են հրավիրվել ՆԳՆ աշխատակիցներ, որոնք այս պահին դեռ դպրոցում են։ Շտապօգնություն ենք կանչել, սրտի խնդիր և աստմա ունեցող երկու աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց, ևս 6 հոգի էլ՝ Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Բուժզննում անցնելուց հետո 3-ը դուրս են գրվել, 3-ն էլ կաթիլային եղանակով դեղորայք են ստանում»,- պատմեց տնօրենը։

Վաղարշապատի բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հաստատեցին 6 երեխայի՝ հիվանդանոց տեղափոխվելու փաստը, բայց պատճառների վերաբերյալ տեղեկություններ չհաղորդեցին. «Դեռ պարզ չէ պատճառը»։

ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ հիվանդանոցից ահազանգ ունեն, որ նշված դպրոցից երեխաներ են տեղափոխվել իրենց մոտ, նախնական կասկածը՝ թունավորում․ «Ստուգողական աշխատանքներ են կատարվում հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Հայկ Մագոյան