Երեկ Բաքվի գերությունից հայրենիք վերադարձածների հետ սկսվել են քննչական գործողություններ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
«Վերադարձված անձանց հիմնական մասը 2020թ. պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ, նրանց հետ այդ վարույթի շրջանակներում սկսվել են քննչական գործողությունները։ Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում՝ որպես տուժող։ Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Քննչական կոմիտեն, նախաքննական գաղտնիքից ելնելով․ այլ տեղեկատվություն չի տրամադրում։
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2020-2023թթ. գերեվարված 31 և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանում:
Հայկ Մագոյան