Հասարակություն

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ծանոթացել է ISTRAC կենտրոնի գործունեությանը

Դեկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Բենգալոր քաղաքում գտնվող Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունում (ISRO) մասնակցել է Հայաստանն առաջին անգամ ներկայացված ՄԱԿ-ի փոխկապակցված Տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կրթության Ասիայի և խաղաղօվկիանոսյան կենտրոնի (Centre for Space Science and Technology Education in Asia and the Pacific / CSSTEAP) կառավարիչների խորհրդի 28-րդ հանդիպմանը:

Որպես ՀՀ ներկայացուցիչ՝ Վ. Աֆյանը, ելույթ ունենալով խորհրդին Հայաստանի միանալու և անդամակցության ողջույնի խոսքով, ընդգծել է տվյալ բնագավառում հայկական կողմի իրականացրած, ինչպես նաև իրավապայմանագրային ու միջազգային գործակցության ուղղությամբ ձեռնարկած քայլերի և ակնկալվող համագործակցության մասին:

Դեսպան Վահագն Աֆյանն այցելել է նաև ISRO-ի հեռաչափության, հետևման և հրամանատարական ցանց (ISRO Telemetry, Tracking and Command Network / ISTRAC), ծանոթացել կենտրոնի գործունեությանը, որտեղից իրականացված կառավարման շնորհիվ ընթացիկ տարվա օգոստոսին հնդկական «Չանդրայան-3» լուսնագնացն առաջին անգամ վայրէջք էր կատարել Լուսնի հարավային բևեռի մակերևույթի վրա։