Հասարակություն

Քաղաքացիական դատարանի թվայնացման արդյունքում կխնայվի կես մլրդ դրամ

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ թվայնացվել է քաղաքացիական դատարանը. մարդիկ կխնայեն իրենց ժամանակը, պետությունը` տարեկան առնվազն կես միլիարդ դրամ։

Ստեղծվել է էլեկտրոնային դատավարության նոր համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի փոխանցումը մեկ ատյանից մյուսը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս բարեփոխման արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելը էլեկտրոնային եղանակով։

«Այս ամենը չի զրկելու մեր քաղաքացիներին ավանդական դատավարությունների եղանակով ստանալ արդարադատություն, քանի որ դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց նախընտրությամբ օգտվել թղթային կամ էլեկտրոնային համակարգերից։

Այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն ու նրանց փաստաբանները, ինչպես նաև դատարանները կխնայեն իրենց ժամանակը, կազատվեն ավելորդ քաշքշուկից, կնվազեցնեն իրենց ծախսերը: Հարկ է նշել, որ միայն այս համակարգի գործարկման արդյունքում պետությունը կկարողանա խնայել տարեկան ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ»,– հայտնում են ԲԴԽ–ից։