ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանն ԱԺ-ում ներկայացրել է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ եթե քրեական ծառայողն իր մեղքով երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները, ստուգարքները չստանա, կազատվի աշխատանքից:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ կրեդիտներ, ստուգարքներ չհանձնած քրեական ծառայողները համակարգում աշխատողների թվի մոտ 18%–ն են կազմում:
Գործող օրենքով՝ քրեակատարողական ծառայողների համար վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում հետևանքներ նախատեսված չեն: Այժմ օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել խնդիրը.
«Նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայությունից ծառայողին ազատելու համապատասխան հոդվածում ավելացնել հետևյալ կարգավորումը՝ երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու, ինչպես նաև երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման և (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում:
Այսինքն, եթե 2 տարի անընդմեջ չստանան համապատասխան կրեդիտներն, ազատվելու են աշխատանքից»,- ասել է նա։