Հրազդանում երեկ կրակել են թափառող շների վրա, որի հետևանքով՝ 2-ին սատկացրել են, մեկին վիրավորել։
Radar Armenia- ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ են դեպքի մասին․ «Համայնքապետարանը կատարվածի հետ որևէ առնչություն չունի։ Թափառող շների հարցը քաղաքապետի ուշադրության կենտրոնում է։ Հրազդանում թափառող շների խնդիրը միանշանակ օրհասական է․ շները շատ են։ Երկու անգամ ստերջացման մրցույթ ենք իրականացրել, և հաղթող ընկերությունն օրենքով սահմանված կարգով իրականացրել է շների ստերջացում, բայց դա էլ արդյունք չի տվել»,- ասաց քաղաքապետի խոսնակը՝ նշելով, որ յուրաքանչյուր մրցույթից հետո շուրջ 250 շուն է ստերջացվել։
«Հրազդան քաղաքը թափառող շների համար անհրաժեշտ կացարան չունի։ Բավական շատ բողոքներ ունենք բնակիչներից շների հարձակումների վերաբերյալ, անգամ կծելու դեպք է եղել, և այս հարցը տարբեր հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ բարձրացվել է»,- պարզաբանեց Արամայիս Պողոսյանը՝ հավելելով, որ փորձում են հարցին լուծում գտնել։
Համայնքապետարանից նաև նշեցին, որ քննարկման համար բաց են, և եթե կան կազմակերպություններ, որ կկարողանան օգտակար լինել համայնքին, պատրաստ են համատեղ լուծումներ գտնել։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին՝ Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել էր, և ընկել սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:
Հայկ Մագոյան