Հասարակություն

Ինչպես է տեղի ունենալու վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծումը

Կառավարության որոշմամբ վրացական պետհամարանիշով մեքենաներ ներմուծելիս, մինչև 2024թ. հունվարի 1-ը մաքսազերծելու դեպքում, քաղաքացիները կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից։

Որոշման համաձայն՝ պետական աջակցությունից կարող են օգտվել ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիները (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-30-ն ընկած ժամանակահատվածում դրանք կմաքսազերծեն Հայաստանում: Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 40%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 60%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է մնացած 40%-ը։ Հինգ տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 70%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 30%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է գումարի մնացած 70%-ը։

Radar Armenia-ն ներկայացնում է քայլերի հաջորդականությունը, որը աջակցությունից օգտվողներին կօգնի հեշտ իրականացնել մաքսազերծումը Հայաստանում։

• Ինչպես իմանալ մաքսազերծվող տրանսպորտային միջոցի արժեքը:

- Մաքսազերծվող մեքենայի արժեքն իմանալու համար անհրաժեշտ է ՊԵԿ կայքի «Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» բաժնում լրացնել համապատասխան դաշտերը և իմանալ մեքենայի մաքսազերծման մոտավոր գինը։

•  Ուր պետք է գնալ մեքենան մաքսազերծելու համար:

- Մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14): Շահառուն վերջին անգամ սահմանը պետք է հատած լինի դեկտեմբերի 4-ից ոչ ուշ։ 

• Ինչ փաստաթղթեր պետք է ունենալ մաքսազերծման գնալիս:

- Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և, առկայության դեպքում, տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթեր: Մաքսային ձևակերպումներն իրականացնելուց հետո շահառուն կստանա ժամանակավոր պետհամարանիշներ կամ տրանզիտ համարանիշներ՝ 15–օրյա ժամկետով։

• Ժամանակավոր պետհամարանիշներ կամ տրանզիտ համարանիշներ ստանալուց հետո ինչ պետք է անի շահառուն:

- Ժամանակավոր պետհամարանիշներ կամ տրանզիտ համարանիշներ ստանալուց հետո շահառուն ստորագրում է պարտավորագիր, որի համաձայն՝ պետք է 15-օրյա ժամկետում մաքսազերծվող մեքենայով հատի հայ-վրացական սահմանը՝ անցակետում ունենալով վրացական պետհամարանիշներ։ Այնուհետ շահառուն Վրաստանում պետք է հաշվառումից հանի մաքսազերծվող տրանսպորտային միջոցը, վերադառնա, որպեսզի Հայաստանում նոր պետհամարանիշներ ձեռք բերի։

Հնարավո՞ր է տրանսպորտային միջոցը մաքսազերծելու համար օնլայն հերթագրում իրականացնել:

- Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առցանց հերթագրման համակարգ չի գործում։ Հերթագրումն իրականացվում է տեղում։

• Աշխատանքային ինչ գրաֆիկով է աշխատում մաքսատունը:

- Մաքսատունն աշխատում է առավոտյան 8։30-ից մինչև 19։00։ 

• Որտեղ պետք է վճարումներն իրականացնի շահառուն:

- Պետական աջակցությունից օգտվող շահառուները  մաքսազերծումն իրականացնելու համար անհրաժեշտ վճարումները կարող են իրականացնել մաքսատանը գործող բանկերի մասնաճյուղերում՝ մինչև 18։00։

• Ինչ վճարումներ է պետք անել մաքսազերծումն իրականացնելու համար:

- Պետտուրք, մաքսային պետտուրք, միասնական վճար և բնապահպանական հարկ (հարկվող գումարի չափը կախված է մեքենայի արժեքից)։

Հայկ Մագոյան