Հասարակություն

ՄԻՊ-ն անդրադարձել է փաստահավաք աշխատանքներին

ՄԻՊ-ն անդրադարձել է փաստահավաք աշխատանքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
 
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհն այսօր ապրում է մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: 

Պաշտպանը հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։
 
Իր հերթին՝ Ժոֆրուա Դիդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական