Դեկտեմբերի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը, մահացողը մայրն է, ով հղի էր: Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։