Հասարակություն

Սոթքում 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով քանդված 142 բնակարան ամբողջությամբ վերականգնվել է

Սոթքում 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով քանդված 142 բնակարան ամբողջությամբ վերականգնվել է

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ պետական հոգածությամբ ամբողջանում է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվող թվով 4 անհատական բնակելի տների ծրագիրը։

«Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այց կատարեցի Սոթք գյուղ՝ դիտարկելու ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվող թվով 4 անհատական բնակելի տների կառուցման ծրագրով իրականացվող այն բնակարանների շինարարությունների ընթացքը, որոնք ադրբեջանական զինուժի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հիմնովին վնասվել էին ու վերականգման ենթակա չէին։

ՀՀ կառավարության որոշմամբ հրետակոծությունից վնասված բնակարանների փոխարեն այժմ հիմքից կառուցվում է 4 նոր բնակարան։ 
Այցի ընթացքում ինձ ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուներ։ 

ՀՀ կառավարության կողմից հատկացված 120 միլիոն դրամի շրջանակներում արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել են 4 բնակելի տների կառուցման աշխատանքները։ 1 բնակարան կառուցվում է 150, 3 բնակարան՝ 100 քառակուսի մետր մակերեսով, նկուղային հարկերով։ 

2023 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ արդեն կառուցված են նկուղային հարկերը, հիմքերը, բարձրանում են բնակարանների քարե պատերը։ 
Հատկացված միջոցներից այս տարի կծախսվի 43,9 միլիոն դրամը, մնացած գումարները կծախսվեն 2024 թվականի ընթացքում, որի արդյունքում էլ կլուծվի 2022 թվականի սեպտեմբերին թշնամու հրետակոծությունից տուժած 4 ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը։ 

Այցի ընթացքում զրուցեցի շինարարների հետ, նկատված թերությունների և բացթողումների շուրջ արեցի դիտողություններ և առաջարկություններ, մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչությանը տվեցի համապատասխան հանձնարարականներ։ 

Պետական հոգածությամբ ամբողջանում է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվող թվով 4 անհատական բնակելի տների ծրագիրը, որն ընթանում էր դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսից։ Պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետևանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։

Եկող տարվա ընթացքում կկառուցվեն և պատրաստի վիճակում հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նորակառույց բնակարանները։ Կառավարության կողմից կարվի հնարավորը, որպեսզի սահմանամերձ Սոթքում ու մյուս բնակավայրերում հաղթահարվեն բոլոր դժվարությունները, ու մարդիկ մտածեն ոչ թե հեռանալու, այլ իրենց հայրենիքում ապրելու և արարելու մասին»,- ասվում է գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական