Նոյեմբերի 18-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել էջմիածին քաղաքի 15-ամյա բնակիչ Ն. Հ.-ն, ով նույն օրը դուրս է գրվել, Radar Armenia-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
«ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- մանրամասնում է ՔԿ-ն:
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 23-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժօգնության ընդունված Ն.Հ.-ն ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նոյեմբերի 18-ին դպրոցում անչափահասների, այդ թվում նաև Ն. Հ.-ի մասնակցությամբ վեճի և քաշքշոցի, դրա ընթացքում նշված անձի վայր ընկնելու մասին։ Միաժամանակ տվյալներ են առկա եղել անչափահասի՝ շնչառության հետ կապված առողջական խնդիրներ ունենալու մասին։
«Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, մահվան պատճառները, դրան նախորդած շրջանում կատարվածի և մահվան միջև պատճառական կապի առկայությունը պարզելու համար։ Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնել են Քննչական կոմիտեից։