Նոյեմբերի 1-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. «Մարտի 1»-ը մենք բացահայտել ենք։ Այդ գործով մեղադրական եզրակացությունը, որքանով ինձ է հայտնի, արդեն հասանելի է․ կարող եք վերցնել, նայել։ Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, ամեն ինչ շարադրված է։ Այդ գործով մեղադրանքներ են շարադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին։ Պարզապես, սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ այլ կարծիք հայտնելը։ Վերցրեք մեղադրական եզրակացությունը, կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը»,- ասել էր Խաչատրյանը։
Պարզվում է, որ դատական տեղեկատվական համակարգում՝ datalex.am–ում, մեղադրական եզրակացությունը հրապարակված է համառոտ, այն էլ` Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առնչվող հատվածում «Մարտի 1»-ին առնչվող դրվագն այլևս չկա. հավանաբար, ՍԴ որոշումից հետո է խմբագրվել։ Միայն ենթադրյալ կաշառքի վերաբերյալ հատվածն է պահպանված, որի շուրջ էլ այժմ ընթանում է դատաքննությունը։

Radar Armenia-ն դիմել էր բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով տրամադրել «Մարտի 1»-ի գործով (դատական գործ N: ԵԴ/0253/01/19) ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրական եզրակացությունները։
ԲԴԽ-ից ստացած պատասխանում ասվում է, որ նշված փաստաթղթերը չեն կարող տրամադրվել. «Տեղեկացվում է, որ Ձեր գրությամբ նշված փաստաթղթերը չեն կարող տրամադրվել, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով նախատեսված չէ նշված փաստաթղթերը դատավարության մասնակից չհանդիսացող անձանց տրամադրելու հնարավորություն»։
Նշենք, որ գրությունը տրամադրվել է այս գործով դատավոր Աննա Դանիբեկյանի ստորագրությամբ։
Հայկ Մագոյան