35 տարի առաջ՝ 1988 թ. դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվեցին Հայաստանի հյուսիսային շրջանի բնակավայրերը, այդ թվում՝ Գյումրին, Վանաձորը, Սպիտակն ու նրանց հարակից շրջանները։ Արհավիրքը խլեց շուրջ 25․000 մարդու կյանք, կես միլիոնից ավելին անտուն մնացին։ Պետությունը շուրջ 10 մլրդ դոլարի տնտեսական վնաս կրեց։
Կատարվածից 36 տարի անց որքանո՞վ է լուծվել աղետի գոտու խնդիրը, ի՞նչ աշխատանքներ են տարվում, և արդյո՞ք լուծված է բնակարանային ապահովման հարցը։
Քաղաքաշինության կոմիտեից, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանել են, որ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը մեկնարկել են 1989 թվականից: Այդ ընթացքում պարբերաբար սահմանվել են անօթևանների հաշվառման ժամկետներ, և իրականացվել են տարբեր ծրագրեր:
«2008 թվականին սահմանվել է անօթևանների հաշվառման վերջնաժամկետ՝ դրանով արձանագրելով խնդրի «մնացորդային» ծավալը, և մեկնարկել է սահմանված վերջնաժամկետում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության վերջին ծրագիրը։ ՀՀ քաղաքաշինության նախարարության (ներկայումս՝ կոմիտե) համակարգմամբ իրականացվել է 2008 թվականին սկիզբ առած ծրագիրը: Դրան զուգահեռ, մեկնարկել են վթարային բազմաբնակարան շենքերի փոխարեն նորերի կառուցման ծրագրեր Սպիտակ, Ստեփանավան, Աշոցք բնակավայրերում, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվում են կրթական, առողջապահական, մարզական, մշակութային և այլ նշանակության օբյեկտների, ճանապարհների և տարբեր ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման ծրագրեր»:
Ըստ քաղշինի՝ ծրագրի շահառու է ճանաչվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի բնակավայրերի (այդ թվում՝ Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքների) 5419 ընտանիք․ «Այս ընտանիքներից՝ 5391 շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2021թթ., 28 ընտանիքի (Շիրակ, գ. Ջրաձոր) բնակարանային խնդիր իրենց նախընտրությամբ կդիտարկվի Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակներում՝ Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասին»:
Կոմիտեից նաև հետաքրքրվել էինք, թե աղետից անօթևան մնացած քանի՞ ընտանիք է դեռ հաշվառված․
«Ըստ էության, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումն ավարտվել է 2021 թվականին: Սակայն, նկատի ունենալով, որ առկա են իրենց բնակապահովման իրավունքը դատական կարգով բողոքարկած ընտանիքներ՝ կառավարության 2021 թվականի հունիսի 6-ի N1006-Ն որոշմամբ ամրագրվել է, որ այդ ընտանիքների խնդիրները պետք է լուծվեն տարեկան պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին:
Ծրագրի ավարտից հետո օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա բնակապահովման իրավունքը վերականգնել և ծրագրի շահառու է ճանաչվել Շիրակի և Լոռու 44 ընտանիք (թիվը կարող է աճել՝ ի հաշիվ դատական գործընթացի տարբեր փուլում գտնվող ընտանիքների): Այդ ընտանիքների բնակարանային խնդիրների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները տարեկան բյուջեներով նախատեսվել են համապատասխան մարզպետարանների կողմից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված հայտի հիման վրա»:
Հիշեցնենք՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները կամ տնակների թիվը շուրջ 7000 է, որտեղ շարունակում են մարդիկ ապրել։ Քաղշինից ստացած տեղեկատվության համաձայն՝ 2023թ․ փետրվարի 10-ի դրությամբ համայնքների կողմից հաստատվել են պետական կամ համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակների և դրանք տնօրինող անձանց ցուցակները (4068 տնակ, որոնցից 2964-ը՝ Շիրակում, 1104-ը՝ Լոռում): Հաստատված ցուցակների հիման վրա կատարվել է համապատասխան ֆինանսական պլանավորում՝ 2024-2026թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2024թ․ պետբյուջեի նախագծում։
Հայկ Մագոյան