Հասարակություն

«Ատոմակայանի դերը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար»․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Net Zero Needs Nuclear Power» խորագրով պանելային քննարկմանը, որի բանախոսներից էր նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին՝ ձեռնարկելով գործնական քայլեր և նպաստելով մոլորակի համար ավելի կանաչ և կայուն ապագա ապահովելու հավաքական ջանքերին։

Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան դառնում է որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության կարևոր բաղադրիչը՝ միաժամանակ ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը։

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանին՝ նշելով, որ ատոմակայանի դերը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։  «Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը հիշել է, որ 90-ականների սկզբներին, երբ Հայաստանում մարդիկ ապրում էին առանց գազի և էլեկտրաէներգիայի, մարդկանց կյանքն էապես փոխվել է Հայաստանի ատոմակայանի վերագործարկումից հետո: Նրա խոսքով՝ դա նպաստել է երկրի տնտեսական աճին և մարդկանց կենսակերպի բարելավմանը։