Հասարակություն

«Խախտումները երևում են, բայց էլի չեն զբաղվում». Արսեն Թորոսյան

«2023թ. հունվարի առաջին տասնօրյակում մի շարք ահասարսուռ վթարներ եղան Հայաստանի ճանապարհներին, ընդհուպ՝ երեխաների զոհերով, այրվող մեքենաներով»,- հիշեցրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկմանը։ 

Նրա խոսքով՝ երբ վիճակագրությունն է նայել, արձանագրել է՝ 100 հազար բնակչի մասով 12 զոհ է տարեկան. «Մենք շատ վատ վիճակում ենք այդ առումով»,- նկատել է նա։

Ըստ Թորոսյանի՝ ինքը մտածել է, թե ինչ մասսայական խախտումներ կան, որ կարելի է վերացնել, և դա էլ իր հերթին կարող է տարիների ընթացքում դրական փոփոխությունների բերել։ Ըստ նրա՝ առաջինը մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հարցն է եղել, երկրորդը՝ ամրագոտիները. «Դիմային ու կողային ապակիները երբ մուգ էին, չէր երևում՝ վարորդները ամրագոտի կապե՞լ են, թե՞ չէ։ Դրա համար ասացի՝ քայլ առ քայլ լուծենք, որ հետո ևս մի երեք բան կերևա՝ ամրագոտին, հեռախոսով խոսելն ու ծխելը ղեկին։ Երեքն էլ արգելված են, բայց քանի որ չի երևում, դրանով չեն զբաղվում։ Հիմա երևում է, բայց էլի չեն զբաղվում»,- ասել է նա։

Թորոսյանն ասել է, որ պարեկային ծառայությունը, բացի արտաքին փոփոխությունից, պետք է նաև նոր բովանդակություն ստանա. «Պետք է բովանդակային փոփոխություններ բերել ճանապարհներին, որովհետև ձևի համար փոփոխությունները որևէ մեկին պետք չեն։ ՄԵզ պետք են բովանդակային փոփոխություններ»։

Պատգամավորը շեշտել է՝ զանգվածային խախտումներ են կատարվում՝ 10-ից 9–ը ամրակապված չէ․

«Ես ամաչում եմ, որ օտարերկրացիներ են գալիս Հայաստան, ասում են՝ շատ լավն եք, հյուրասեր, տեսարժան վայրեր ունեք, բայց փողոցն անցնելուց մտածում ենք՝ վերջին անգամն ենք անցնում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նույնը նաև տաքսիների հետ կապված է ասվում։