«2023թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ Ագրարային համալսարանի հարակից այգում հանդիպել են համալսարանի մի խումբ համակուրսեցիների։ Ծագած վիճաբանության ընթացքում երիտասարդներից մեկը ձախ ազդրի շրջանում հարվածներ է ստացել սուր կտրող-ծակող գործիքով, որից հետո վերջինիս ընկերները քարերով հարվածել են առերևույթ դանակահարողին, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։ Հնչեցվել են նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ Երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ գլխի ծոծրակային շրջանում, մյուսը՝ ազդրի շրջանում ստացած վնասվածքներով, դիմել են բուժօգնության»․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ կոմիտեի Երևանի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնում 2023թ․ նոյեմբերի 27-ին, քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանությունը ձերբակալել է 8 անձի, որոնք, անհրաժեշտ քննչական գործողություններից հետո, արգելանքից ազատ են արձակվել»,- ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք ականատեսներ։ Դեպքի հանգամանքները բացահայտելու նպատակով ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Հայկ Մագոյան