Հասարակություն

Երբ կլուծվի Շիրակի և Լոռու 7000 տնակների հարցը. քաղշինի պարզաբանումը

Radar Armenia-ն հարցում էր ուղարկել քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե լուծվելու՞ է Սպիտակ քաղաքում գերմանական, նորվեգական, իտալական և այլ անվանումներով թաղամասերում ապրող մարդկանց բնակարանային խնդիրը։ 

Քաղաքաշինության կոմիտեից պատասխանել են, որ վարչապետի՝ 2018թ․ դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշման համաձայն՝ փաստագրվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները/տնակները (շուրջ 7000 տնակ): 

«Փաստագրման արդյունքների հիման վրա խնդիրը տեղ է գտել կառավարության 2021-2026թթ․ ծրագրում և ամրագրվել է, որ առաջնահերթ կարգով պետք է դիտարկվեն քաղաքային բնակավայրերի՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված (կառուցված) տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցումը, հողամասերի ազատումը և քաղաքաշինական միջավայրի վերականգնումը: Արդյունքում, մշակվել և կառավարության 2022թ․ հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշմամբ հաստատվել է աղետի գոտու բնակավայրերի՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված տնակներից ազատելու կարգը: 

Կարգի համաձայն՝ 2023թ․ փետրվարի 10-ի դրությամբ համայնքների կողմից հաստատվել են պետական կամ համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակների և դրանք տնօրինող անձանց ցուցակները (4068 տնակ, որոնցից 2964-ը՝ Շիրակում, 1104-ը՝ Լոռում):  

Հաստատված ցուցակների հիման վրա կատարվել է համապատասխան ֆինանսական պլանավորում՝ 2024-2026թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2024թ․ պետբյուջեի նախագծում»,- հայտնել են կոմիտեից: 

Քաղաքաշինության կոմիտեից նշել են, որ 2024-2027թթ․ նախատեսվում է բուն ծրագրերի իրականացում՝ տարածքների՝ տնակներից ազատում և ապամոնտաժում, բնակության նպատակով օգտագործվող տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության տարբերակված մոտեցման ցուցաբերում՝ կախված տվյալ ընտանիքի՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից:

Հայկ Մագոյան