«Ինձ համար մեծ պատիվ և երջանկություն է՝ լինել Հայաստանում, ես այստեղ առաջին անգամ եմ». հայտարարել է լիբանանյան ծագմամբ ամերիկացի փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը, որ Երևան է ժամանել՝ մասնակցելու «Գիտության և գործարարության օրեր–2023» համաժողովին։
«Կուզեի խոսել մի շատ կարևոր երևույթի՝ տեխնիկական գիտելիքի մասին։ Երբեմն գիտությունը դիտարկում են որպես վերացական երևույթ, որը կտրված է իրականությունից․ դա այդպես չէ։ Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք է կենտրոնանանք այն գիտելիքի վրա, որը կարող ենք պրակտիկորեն կիրառել, այլ ոչ թե այն գիտելիքի, որը դասագրքային է և տեսական բնույթ է կրում: Զարգացման ուղի բռնած տարբեր երկրներ հաճախ թույլ են տալիս այդ սխալը։
Այն, որ, օրինակ, բացում են համալսարաններ, ոչ թե՝ դպրոցներ ու քոլեջներ։ Ես այդ մասին խոսել եմ Հնդկաստանի վարչապետի հետ, որից ուղիղ մեկ տարի անց նա իր խոսքում ասաց, որ ավելի լավ է բացել 1000 դպրոց, քան մեկ համալսարան։ Դա ինձ շատ ուրախացրեց։ Պետք է կենտրոնանալ տեխնիկական գիտելիքի վրա, որը Հայաստանի համար օգտակար կլինի»,- նշել է նա լրագրողների հետ հանդիպմանը։