Հասարակություն

Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ի վարորդը հանկարծամահ է եղել և բախվել ծառին ու քարե պարսպին

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Հաստոցաշինարարական գործարան»-ի մոտ վթարի հետևանքով իրենց մոտ մահացած վիճակում անհայտ քաղաքացի են տեղափոխել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններին և քննիչներին մահացածի հարազատները հայտնել են, որ Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս Չարենցավան քաղաքի Շինարարների փողոցում Սարուխանյանը հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով ավտոմեքենան բախվել է մայթեզրին գտնվող ծառին ու քարե պարսպին:

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Չարենցավանի ոստիկանները և քննիչները հայտնաբերել են նաև դեպքի վայրն ու վթարված ГАЗель-ը: