Հասարակություն

Գիտության ոլորտը՝ պետության առաջնահերթություն. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտուժի» կոնֆերանսին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին, որն անցկացրել է «Գիտուժ» նախաձեռնությունը:

Կոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Կոնֆերանսը մեկ հարթակում միավորել է գիտական, կրթական և տեխնոլոգիական համայնքների, պետական հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհի խոչընդոտները և դրանց լուծումները, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես գիտությունը դարձնել առաջնային գործիք ՀՀ անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել դրա կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ քննարկումները մասնակցային ու ներառական միջավայրում ապահովելու, տարբեր կարծիքներ հնչեցնելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտության ոլորտի առաջնահերթություններին. «Կառավարությունը հստակ ու չափելի թիրախներ է սահմանել՝ գիտության ֆինանսավորման, գիտության ոլորտի երիտասարդացման, սերնդափոխության, նոր գիտնականների ներգրավման, արդյունքների հաստատման և տեխնոլոգիական առաջընթացին նպաստելու առումով: Վերջին 3 տարիներին Կառավարությունը գիտության ոլորտում կատարել է էական ներդրումներ, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետության, միջանկյալ արդյունքների և դրանց չափելիության ցուցանիշները, որպեսզի մեր հաջորդ քայլերը լինեն առավել մտածված և արդյունքների տեսանկյունից՝ ավելի հաշվետվողական: Պետք է հասկանալ նաև հասարակության, տնտեսության և գիտական համայնքի ակնկալիքները գիտության ոլորտից: Մեր խնդիրն է՝ զարգացնել նաև կապը գիտության արդյունքների և տնտեսության միջև»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ արդեն իսկ ավելացել է 2,5 անգամ՝ ավելի քան 150 %-ով, և հասել ավելի քան 30 մլրդ-ի, որը բերում է տեսանելի փոփոխություններ:

«Նախորդ տարի գրանցել ենք գիտնականների թվի աճ. մեր դրամաշնորհային ծրագրերի մեծ մասը՝ ավելի քան 70 %-ը, բաժին է հասնում մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին: 2024 թվականի հունվարից գիտնականների աշխատավարձերի շուրջ 170 տոկոս աճ կունենանք: Այս գործընթացներին նպասում է նաև տեխնիկական հագեցվածության ապահովումը: Միայն նախորդ տարի 28 գիտական սարքավորումներ են գնվել՝ շուրջ 2,9 մլրդ դրամ արժողությամբ: Կան նույնիսկ 1 մլն դոլար արժողությամբ սարքեր, որոնք թույլ են տալիս լուրջ և արդիական հետազոտություններ իրականացնել: Այս տարի արդեն 4,2 մլրդ-ի շրջանակում սարքավորումների գնման հայտեր են հավաքագրվել, և կազմակերպվում են գնման գործընթացները»,- փաստել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հասարակական գիտությունների կարևորությանը. «ԿԳՄՍ նախարարությունը գիտության զարգացման առաջնահերթություն է դիտարկում ոչ միայն բնագիտամաթեմատիկական գիտությունները, այլև հասարակագիտությունը: Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում և ականատես լինում մեզ ծանոթ աշխարհակարգի ամբողջական վերափոխմանը, որտեղ հասարակագիտությունը մեծ անելիք ունի»:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կոնֆերանսի մասնակիցներին տեղեկացրել է, որ 2024 թ. բյուջետային հայտում առաջարկվել է Հայաստանում սուպերհամակարգչային արհեստական բանականության կենտրոն ստեղծել՝ 8 մլն դոլար արժողությամբ: Հարցն առաջիկայում կքննարկվի Կառավարության նիստում:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա մասնագետների պատրաստման խնդրին. «Առաջարկվող բոլոր գաղափարները փորձում ենք կյանքի կոչել շարունակական և նոր ծրագրերի շնորհիվ՝ ապահովելով ինչպես կրթական, այնպես էլ գիտական բաղադրիչները: Դրանք միտված է գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և տնտեսության զարգացմանը»:

«ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն իր հերթին ընդգծել է. «Գիտությունն այլևս անհատների գործ չէ, այն համակարգված և կազմակերպված ընթացք է: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ոչ միայն հասարակական, այլև տեխնոլոգիական են: Մարդկությունը միշտ կարողացել է գտնել բարդ իրականությունից ելք, որը եղել է նաև ռիսկի ճանապարհ, իսկ այդ ճանապարհի առաջամարտիկները գիտնականներն են»:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված համալսարաններում և ինստիտուտներում առկա գիտական ներուժին և ապագայի պահանջներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտությանը, Հայաստանում հումանիտար և հասարակագիտական գիտությունների առաջխաղացմանը, գիտության առևտրայնացմանը:

Կոնֆերանսն անցկացվում է գիտության ոլորտի վերաբերյալ 8 պանելային քննարկումների միջոցով: Ամփոփվել են նաև «Գիտուժ» նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և հետագա անելիքները: