«Այս պահին Հայաստանից դեպի Ռուսաստան ճանապարհին առկա է 800 բեռնատար, նույն քանակությունն է Ռուսաստանի տարածքում, որոնք ուղևորվում են դեպի Հայաստան»․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պատճառը երկու օր առաջ Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյունն է, որը փակել է ճանապարհը. «Կար նաև ձնահոսքի վտանգ։ Հիմա, կարծես, ձնահոսքի վտանգը վերացել է, սկսվել են ձնամաքրման աշխատանքները։ Երեկվանից նաև ճանապարհը փակվեց մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Մինչև կեսօր նախատեսվում է, որ վրացական կողմը ճանապարհը կկարողանա բացել թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար ճանապարհը համապատասխան վիճակի բերելու համար ավելի լայնածավալ աշխատանքներ են պետք»։
Հարցին՝ բեռնատարների հերթերի պատճառը նաև, ըստ լուրերի, ռուսների կողմից որոշ ապրանքների համար ստեղծված արգելքնե՞րն են, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը պարզաբանեց, որ երբ բեռնատարները հասնում են Ռուսաստան, սկսում են փաստաթղթերի ձևակերպել. «Շուտ փչացող ապրանքների մասով՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ, բժշկական ապրանքներ, հսկողություն է իրականացնում Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը («Россельхознадзор»)։ Այս պահին ծառայությունն իրականացնում է ուժեղացված հսկողություն այն բոլոր բեռների նկատմամբ, որոնք ենթակա են ֆիտոսանիտարական հսկողության։ Նշված մարմինների աշխատակիցները տեղեկացնում են, որ այդ հսկողությունը իրականացվում է նաև Ռուսաստանի բոլոր մյուս անցակետերում»։
Հակոբյանին «Россельхознадзор»–ի աշխատակիցները հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում հսկողություն են իրականացնում նաև վրացական և թուրքական բեռնատարների նկատմամբ նույնպես, այսինքն, հսկողությունը վերաբերում է բոլորին. «Այս պահին, ճիշտ է, դրա հետ կապված մենք խնդիրներ ունենք, որովհետև հսկողությունը ուժեղացված է, հայտնաբերվում են շատ խախտումներ։ Մեր տնտեսվարողների բողոքները հիմնականում օբյեկտիվ են»,- ընդգծեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հայկ Մագոյան