Հասարակություն

Հայաստանը Հնդկաստանից անվավոր ինքնագնաց հաուբիցներ կստանա. IDRW

Հնդկական ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար:

Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) կայքի փոխանցմամբ՝ հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար:

Ըստ կայքի՝ այն Հնդկաստանի համար լուրջ ձեռքբերում է, քանի որ երկիրը վերջերս ջանքեր է գործադրում միջազգային գործընկերներին տեղական արտադրության պաշտպանական սպառազինություն մատակարարելու ուղղությամբ:

2020թ․ Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադար, իսկ 2022թ․ սեպտեմբերին ստորագրվել է Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր։ 

Նաև հաղորդվում է, որ MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով՝ այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: 

Ըստ կայքի՝ մինչև 30 աստիճան թեքությունը հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են մարտական  իրավիճակներում ճկուն և ահեղ զենք։