Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 10 ℃

Рус Eng

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Հասարակություն

18 Նոյեմբերի, 22:34

Նոյեմբերի 8-14-ն Աբուջայում (Նիգերիա) տեղի է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատվիրակության 2023թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկույցը, հանդես են եկել հայտարարությամբ։

ԵՀԽ-ն իր զորակցություն է հայտնել հայ ժողովրդին, եկեղեցուն և հատկապես բոլոր նրանց, ովքեր 2023թ․ սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձություններից հետո ստիպված են եղել փախուստի դիմել իրենց հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից։ Ժողովականները նաև ափսոսանք են հայտնել, որ 1992-1994թթ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո չեն գտնվել ուղիներ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար:

ԵՀԽ-ն կոչ է արել միջազգային հանրությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին և կարիքավորներին։ ԵՀԽ անդամները նաև կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել այն էթնիկ հայերի անվտանգությունն ու հավասար իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը (ներառյալ կրոնական և պաշտամունքային վայրեր այցելելը), ինչպես և հնարավորություն ընձեռնել ու դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության այցը տարածաշրջան և փաստագրել համապատասխան վայրերի կարգավիճակը:

Ժողովականները դիմել են Եվրամիությանը Հայաստանում ուժեղացնելու ԵՄ առաքելությունը՝ ապահովելով բավարար անձնակազմ և միջոցներ՝ դիտարկումներ իրականացնելու ու զեկուցելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժման մասին։ ԵՀԽ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ձեռնամուխ լինել այդ խնդրի կարգավորմանը, և ձեռնարկել արագ ու վճռական գործողություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում։

Ժողովականները խնդրել են ԵՀԽ գլխավոր քարտուղարին շարունակաբար հետևել 2023թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան այցելած ԵՀԽ պատվիրակության դիտարկումներին և եզրակացություններին։ ԵՀԽ-ն հրավիրել է անդամ բոլոր եկեղեցիներին աղոթել տուժած անձանց համար, աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հայ ժողովրդին ցավալի և ապագայի նկատմամբ անորոշ այս ժամանակներում ծառայություն իրականացնելիս։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում