Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։
Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։ «Պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով»,- նշում է Պաշտպանը։
Պաշտպանը նաև հավելում է, որ նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։ Այս առումով տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն օրը պետք է անցկացնեին տոնի ոգով։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկումով տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, երեք անձ տեղափոխվել հիվանդանոց:
Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցում է մահացածի ընտանիքին, ընկերներին և հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացածներին մաղթում շուտափույթ ապաքինում։