Երևանում հարձակվել են 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչի վրա, պատճառվել մարմնական վնասվածքներ
Հասարակություն
18 Նոյեմբերի, 0:00
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել նշված կենտրոնից, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Դանիել Խ.-ն հարձակվել է նշված ՓԲԸ-ի 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչ, 40-ամյա Մհեր Ու.-ի վրա։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ Դանիել Խ.-ն, ով փորձաքննվող է, հարձակվել է 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչի վրա, սեղմել պարանոցը և ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։