Ծաղկաձորում իրականացվում է 8 սուբվենցիոն ծրագիր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հասարակություն
17 Նոյեմբերի, 18:30
2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության 8 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում: 95 000 000 դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառավարության և համայնքի համատեղ`35% /65% ֆինանսավորմամբ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցներում իրականացվում են հենապատերի վերակառուցման աշխատանքներ: Ավարտը նախատեսված է 2024 թվականի փետրվարին:
Հենապատերի վերակառուցման ծրագիր է իրականացվում նաև Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում: Այս ծրագրի ընդհանուր արժեքը 74 000 000 դրամ է: Պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, համայնքի ներդրումը`65%: Ավարտը նախատեսված է 2023 թվականի դեկտեմբեր ամսին: 2023 թվականին ճանապարհաշինական 3 ծրագիր է իրականացվել Ծաղկաձորի Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր բնակավայրերում: Աղավնաձորում կապիտալ ասֆալտապատվել է 750 մ, Մարմարիկում`770 մ, Մեղրաձորում 1660 մ երկարության ներհամայնքային ճանապարհահատված: Երեք ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է 293 000 000 դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը կազմել է 40%, իսկ համայնքի ներդրումը`60%:
Ընթացիկ տարում սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում իրականացվել են նաև խմելու ջրի խողովակների նորոգման և ջրավազանի կառուցման աշխատանքներ: Նորոգված խողովակների ընդհանուր երկարությունը 2,2 կմ է: Ծրագրի արժեքը 22 500 000 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 60% է, համայնքի ներդրումը`40%:
Աշխատանքներն ավարտված են: Շուրջ 228 000 000 դրամ արժեքով, կառավարություն - համայնք`60%/40% համաֆինանսավորմամբ Արտավազ բնակավայրում վերակառուցվում է ջրամատակարարման համակարգը:
Աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թվականի օգոստոսին: Փյունիկ բնակավայրում ևս կառուցվում է խմելու ջրի ջրամատակարարման համակարգ`79 000 000 դրամ արժողությամբ. պետական բյուջեի ֆինանսավորման չափը 60% է, համայնքի ներդրումը`40%: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականի դեկտեմբերին: