«Ռուսերեն դասագրքերը ներկայացվել են փորձաքննության, արգելելու մասին խոսք չկա». ԿԳՄՍՆ մեկնաբանությունը
Հասարակություն
16 Նոյեմբերի, 19:34
ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը մեղադրել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը, որը դադարեցրել է ռուսերեն դասագրքերի տեղակայումը հայաստանյան դպրոցներ՝ հիմնավորելով, որ դրանք պետք է համապատասխան փորձաքննություն անցնեն։
«Նոյեմբերի 11-ին դասագրքեր են առաքվել հանրապետություն, սկսվել է դրանց բաշխումը դպրոցներին, որտեղ դրանք մեծ պահանջարկ ունեն։ Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ Հայաստանի կրթության նախարարությունը դադարեցրել է գործընթացը։ Ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակը հատկապես տարօրինակ է այն դեպքում, որ մեր հայ գործընկերներն իրենք են ուղարկել մեզ անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցուցակ»,- գրել է Վորոբյովը Telegram-ի ալիքում։
Radar Armenia-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանեցին, որ այդ դասագրքերը ներկայացվել են փորձաքննության և արգելելու մասին խոսք չկա. «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցներում օգտագործվող բոլոր դասագրքերը, ուսումնական նյութերը, մեթոդական ձեռնարկները պետք է անպայման անցնեն փորձաքննություն՝ հիմնավորելու համար նրանց համապատասխանությունը ՀՀ կրթական չափորոշիչների պահանջներին։ Այս պարագայում մենք խոսում ենք ռուսերենով ուսուցման դասարանների համար նախատեսված տարբեր առարկաների դասագրքերի մասին՝ շուրջ 30 անուն դասագիրք՝ ավելի քան 50 հազար տպաքանակով»,- պարզաբանեցին գերատեսչությունից՝ շեշտելով, որ խոսքը ռուսաց լեզվի դասագրքերի մասին չէ, այլ ռուսերենով տարբեր առարկաների դասագրքերի և հաշվի առնելով, որ խոսում ենք ՀՀ-ի մասին, ապա հանրապետությունում կա կրթական պահանջներ և կրթական չափորոշիչներ՝ անկախ նրանից, թե որն է ուսուցման լեզուն։
Նախարարությունից նաև նշեցին՝ քանի որ այս տարվանից հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրվել է հանրապետության բոլոր դպրոցներում, հետևաբար այդ դասագրքերը պետք է համապատասխան լինեն նոր չափորոշիչներին, որովհետև չի կարող այնպես լինել, որ հայերենով ուսուցման դասարանում երեխան, օրինակ, երկու ժամ ծանրաբեռնվածությամբ ուսումնասիրի առարկան, իսկ ռուսերենով ուսուցման դասարանում այլ պահանջ լինի, և ուսումնական նյութերն էլ պետք է համապատասխանեն ծրագրերին, որոնք ներդրվել են։
«Բնականաբար, չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, միանշանակ, բաժանվելու են դպրոցներին։ Եվ դա շատ արագ կկազմակերպվի։ Այդ փորձաքննությունն իրականացնում է ԿԶՆԱԿ հիմնադրամը և հնարավորինս սեղմ ժամկետներում կիրականացվի։ Որևէ արգելք չի եղել»,- հավաստիացրեցին ԿԳՄՍ նախարարությունից։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում