Ի՞նչ կլինի, եթե գործատուն աշխատողին չուղարկի արձակուրդ. նոր կարգավորումներ
Հասարակություն
16 Նոյեմբերի, 21:00
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները:
Radar Armeniа-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մանրամասնել է նոր կարգավորումները. «Նախկինում աշխատանքային օրենսգրքի կարգավորումներն էին, որոնք գործում և գործելու են նաև դեկտեմբերի 1-ից հետո, բայց խնդիրն այն է, որ կարգավորումները հաճախ չեն պահպանվում գործատուի կամ աշխատողի կողմից։ Մենք դեկտեմբերի 1-ից ոչ թե նոր փոփոխություններ ենք կատարելու կարգավորման էության մեջ, այլ ընդամենն ավելացրել ենք նոր կարգավորումներ, որ տարիներ շարունակ եղած կարգավորումը կյանքի կոչվի»։
Ըստ Սարգսյանի՝ աշխատանքային օրենսգրքում նախատեսված է և շարունակելու է այդպես լինել, որ աշխատողը ամենամյա արձակուրդ գնա աշխատանքային տարվա մեջ․ «Աշխատանքային տարի ասելով՝ հասկանում ենք աշխատանքի ընդունման օրից մինչև հաջորդ տարվա այդ օրը։ Նաև, եթե աշխատանքային տարվա մեջ աշխատողը չի գնում արձակուրդ, ամենամյա արձակուրդը չի օգտագործում, աշխատանքային օրենսգրքով կա կարգավորում, որով կարող են ամենամյա արձակուրդը մինչև 18 ամիս տեղափոխել։ Սակայն իրականությունն այն էր, որ աշխատողներն արձակուրդը 18 ամիս տեղափոխում էին, բայց անգամ դրանից հետո էլ չէին գնում արձակուրդ»։
Պաշտոնյան նշեց, որ հետաձգելուց հետո արձակուրդ չգնալու երկու պատճառ կարող է լինել՝ կամ իրենք չէին ցանկանում գնալ, կամ գործատուները չէին պնդում, որ գնա։
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետի մեկնաբանմամբ՝ ստացվում է, որ օրենսգիրքն ուղիղ ամրագրում է պահանջ, որ եթե տարվա մեջ չես օգտագործում քո աշխատանքային տարվա հասանելիք արձակուրդը, կարող ես այն տեղափոխել 18 ամսով. «Եթե այս կարգավորումը դիտարկենք իրականության մեջ, պետք է լիներ հետևյալը՝ ինչ ուզում է լինի, աշխատողը պետք է գոնե 30 ամսվա մեջ հանգստանա, բայց քանի որ աշխատողները կարող են տարիներով չգնալ արձակուրդ, դա մի շարք խնդիրներ էր առաջացնում՝ չհանգստանալուց մինչև վերջնահաշվարկի հետ կապված հարցեր։
Այն փոփոխությունը, որը արել ենք, և դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու, նրա մասին է, որ օրենսգրքի՝ նշածս նորմի պահանջը գործատուի և աշխատողի չպահպանելու դեպքում երկուսն էլ կունենան պատասխանատվություն»։
Սարգսյանն ավելի հասկանալի դարձնելու համար օրինակով է բացատրում. «2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո, երբ նորմը կգործի, այն աշխատողի մասով, ում աշխատանքային տարին կսկսվի դեկտեմբերի 1-ից հետո, եթե այդ աշխատանքային տարվա մեջ առկա ամենամյա արձակուրդը չօգտագործեն և տեղափոխեն ևս 18 ամիս ու էլի չօգտագործեն, ապա գործատուին կտրվի իրավունք՝ առանց աշխատողի դիմումի ուղարկել արձակուրդ, բայց եթե գործատուն առանց աշխատողի դիմումի չուղարկեց արձակուրդ, աշխատողին վճարելու է տույժ՝ յուրաքանչյուր չուղարկած օրվա համար միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով։
Պայմանական, եթե մարդն ընդունվել է աշխատանքի 3 տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, ստացվում է, որ նրա աշխատանքային տարին սկսվելու է ամեն տարի դեկտեմբերի 9-ին։ Եվ 2023-2024 թթ. աշխատանքային տարին սկսվելու է 2023 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ու քանի, որ օրենքի կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, սկսվում է տարածվել նաև նրա վրա։ Եվ եթե աշխատողը 2023-2024 թթ. հասանելիք արձակուրդը չօգտագործի այդ ընթացքում, կարող է տեղափոխել նաև մինչև 18 ամիս։ Պայմանական տեղափոխեց, և հասանք մինչև 2026 թ. հունիսի 5։ Եթե 2023 թ. հունիսի 5-ի դրությամբ պարզվի, որ աշխատողն ունի 2023-24 թթ. չօգտագործված արձակուրդ, ապա արդեն 2026 թ. հունիսի 6-ին գործատուն իրավունք կունենա, առանց աշխատողի դիմումի կամ ամսի 6-ից սկսած, տույժ վճարել աշխատողին»։
Ուշագրավ է, որ այս փոփոխությունը չի վերաբերում նախկին տարիների կուտակած արձակուրդներին։ Նախորդ տարիներին կուտակված արձակուրդների մասով ոչ տույժ է կիրառվելու, ոչ էլ պարտադրված է, որ մինչև դեկտեմբերի 1-ը այդ արձակուրդներն իրացվեն։ Օրենքի այդ կարգավորումն օրենքի ուժ չունի, որովհետև իրավունքներ, պարտավորություններ է առաջացնում կողմերի համար, հետևաբար, չի կարող այս նորմն ունենալ հետադարձ ուժ։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում