Հասարակություն

Կարևորվել է տարբեր հարթակներում Հայաստանի և Ինդոնեզիայի արդյունավետ փոխգործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը (նստավայրը` Կիև):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաջիկա նախաձեռնություններում: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ինդոնեզական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։

«Համոզված եղեք, որ մենք շատ կարևորում ենք Հայաստանի և Ինդոնեզիայի հարաբերությունները: Ճիշտ է մեր երկրների միջև տարածությունը բավական մեծ է, սակայն ցանկությունների, ինչպես նաև պատրաստակամության առումով մենք շատ հանձնառու և հարազատ ենք իրար: Իրավունք եմ վերապահում նման գնահատականներ տալ՝ հաշվի առնելով 30 և ավելի տարիների մեր դիվանագիտական հարաբերությունների ընթացքում տարբեր միջազգային հարթակներում համագործակցությունը: Համոզված եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նախագահը:

Դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Պարոն նախագահ, Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության անունից կցանկանայի գնահատանքի և երախտագիտության խոսքեր հայտնել իմ հավատարմագրերի հանձնման արարողության կազմակերպման համար: Թուլ տվեք օգտվելով այս առիթից ջերմ ողջույններ և լավագույն ցանկություններ փոխանցել Ձեզ՝ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի անունից:

Թույլ տվեք նաև հայտնել իմ ուրախությունն արդեն որպես Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան: Հուսով եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կկարողանամ ավելի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին և ուղղություններին առնչվող հարցեր: Երկուստեք շեշտվել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, ինչպես նաև փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում ընդլայնման ու զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում՝ ընդգծվել է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանատան բացման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների սերտացման համար:

Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Ինդոնեզիայի արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների և առկա անվտանգային մարտահրավերների շուրջ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, և դա կնպաստի վերջիններիս տնտեսական զարգացմանը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման օրակարգին և «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի առաջմղմանը: