Հասարակություն

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում իրականացվել է 24կմ եռաշերտ ասֆալտբետոնային ծածկի տեղադրում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը շարունակում է կառուցման աշխատանքները։ Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։ Լանջիկ-Գյումրի հատվածում 08․11․2023 դրությամբ իրականացվել է 24կմ եռաշերտ ասֆալտբետոնային ծածկի տեղադրում երկու ուղղությամբ։

Մինչև տարեվերջ ակնկալվում է ևս 4կմ եռաշերտ ծածկի տեղադրում։ Այսպիսով՝ 2023թ. ծրագրի շրջանակներում տարեկան ասֆալտբետոնային ծածկի տեղադրման ցուցանիշը կկազմի՝ հիմնական ճանապարհի համար 28կմ և մոտեցնող ճանապարհների ու հանգույցների համար՝ 1կմ։

Աշխատանքներ են տարվում նաև արհեստական կառուցվածքների վրա։ Լանջիկ-Գյումրի հատվածում պետք է կառուցվի յոթ նոր տրանսպորտային հանգույց։ Նշենք, որ Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։ Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։