ԼՂ-ից տեղահանված 19 պացիենտ շարունակում է բուժում ստանալ արտասահմանում
Հասարակություն
14 Նոյեմբերի, 17:16
ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հայտարարել է, թե ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներից 92 քաղաքացի բուժում է ստանում տարբեր բուժհաստատություններում, որից 11-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 3-ինը՝ ծայրահեղ ծանր: Նրա խոսքով, 19 պացիենտ շարունակում է բուժում ստանալ արտասահմանում, նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա:
Վերջին շաբաթների ընթացքում 150-ից ավելի բուժառու է դուրս գրվել հիվանդանոցներից և իրենց բուժումը շարունակում են ամբուլատոր օղակում:
Փոխնախարարն անդրադարձել է նաև ՀՀ մարզային բուժհաստատություններում աշխատանքի անցնելու ցանկությանը։ Ըստ Ջումայանի. «Առողջապահության նախարարության ուղղորդմամբ մարզային բուժհաստատութուններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում, ի հավելումն սահմանված աշխատավարձի, մեր հայրենակիցներին կտրամադրվի նվազագույն ամսական աշխատավարձի մասով ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկ չափով աջակցություն մինչև 6 ամիս ժամկետով»:
Հետևեք մեզ Telegram-ում