Գարեգին Բ-ն անդրադարձել է տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին
Հասարակություն
14 Նոյեմբերի, 8:02
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։
Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին, ընդգծել է, որ պատմության ընթացքում հայ և հրեա ժողովուրդները կրել են բազմաթիվ տառապանքներ և ենթարկվել ցեղասպանության, սակայն իրենց հավատքի շնորհիվ կարողացել են դիմագրավել բոլոր տեսակի փորձությունները։
Խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրների և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ ստեղծված իրադրությունը ցավալի հետևանքն է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին միջազգային կառույցների անհամարժեք արձագանքի։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը` շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։
Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարևոր նկատելով նաև միջկրոնական երկխոսությունը։
Պրն․ Խորխե Կնոբլովիցն աշխարհում տիրող բարդ իրավիճակի հաղթահարման և արդարության հաստատման գործում ևս կարևորել է մարդկության մեջ հավատքի զորացումը և կրոնների խաղաղ համագոյակցության երկխոսությունը։
Պատվիրակության նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ ինչպես Արգենտինան, այնպես էլ Արգենտինայի հրեական կազմակերպությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և դատապարտել այն՝ պահպանելով պատմական հիշողությունը հետագայում կանխելու համար նմանօրինակ ոճրագործությունները։
Զրույցի ընթացքում պրն․ Կնոբլովիցը նաև իր սերն ու հարգանքն է արտահայտել հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ։ Անդրադարձ է կատարվել Արգենտինայում հայ և հրեա համայնքների համագործակցությանը։