Հասարակություն

Սասուն Խաչատրյանը Ճապոնիայի դեսպանին վստահեցրել է, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է  Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Նշելով, որ բարձր է գնահատում ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի խթանումը՝ Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ արդյունավետ ծրագրեր կիրականացվեն ճապոնացի գործընկերների հետ իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ կոռուպցիայի կանխարգելումն ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն այն գլխավոր գործոններն են, որոնք նպաստում են երկրի արագ զարգացմանն ու ժողովրդավարության կայացմանը, ուստի այդ տեսանկյունից շատ դրական է գնահատում Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը: Հաշվի առնելով, որ Ճապոնիայում հակակոռուպցիոն քաղաքականությունը բավականին զարգացած է, դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրները կարող են արդյունավետ համագործակցել այդ ոլորտում:

Սասուն Խաչատրյանը դեսպանին վստահեցրել է, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում, և հետզհետե հասարակության շրջանում արմատավորվում է պատասխանատվության անխուսափելիության գաղափարը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ: